Սուր բրոնխիտ
Ի՞նչ է սուր բրոնխիտը:
Սուր բրոնխիտը բորբոքում է, որն ախտահարում է շնչուղիների բրոնխային խողովակները, սովորաբար հանկարծակի է ի հայտ գալիս և տևում է երեքից տասն օր:
Այնուամենայնիվ, բորբոքման լավացումից հետո հազը և խորխի արտադրությունը կարող են պահպանվել մի քանի շաբաթ:
Սուր բրոնխիտի պատճառները
Սուր բրոնխիտը սովորաբար առաջանում է շնչառական վիրուսով վարակվելու պատճառով: Ժամանակ առ ժամանակ այն կարող է առաջանալ բակտերիալ վարակի պատճառով, չնայած դա տեղի է ունենում ավելի քիչ, քան 10% դեպքերում:
Դա կարող է առաջանալ նաև գրգռիչ նյութեր շնչելիս, ինչպիսիք են ծխախոտի ծուխը, գոլորշիները, փոշին և աղտոտված օդը:
Ինչպե՞ս է սուր բրոնխիտը ազդում օրգանիզմի վրա
Սովորաբար բորբոքումը սկսվում է քթից կամ կոկորդից և տեղափոխվում է դեպի բրոնխիալ խողովակներ:
Երբ մարմինը փորձում է պայքարել վարակի դեմ, այն հանգեցնում է բրոնխիալ խողովակների այտուցվածության, ինչի պատճառով էլ հազ է առաջանում:
Հազը կարող է երբեմն չոր լինել, բայց դրա միջոցով սովորաբար խորխը դուրս է հանվում:
Բրոնխիալ խողովակների բորբոքումը նվազեցնում է նաև օդի ծավալը, որը կարող է անցնել բրոնխիալ խողովակների միջով:
Սա իր հերթին կարող է առաջացնել խզզոց, կրծքավանդակի հատվածում սեղմում և հևոց:
Ի վերջո, իմունային համակարգը պայքարում է վարակի դեմ:
Սուր բրոնխիտի ախտանիշները
Սուր բրոնխիտի ամենատարածված ախտանիշներն են`
- Հազալ խորխով, որը կարող է լինել դեղին կամ կանաչ: Սուր բրոնխիտը սովորաբար տևում է երեքից տասն օր: Այնուամենայնիվ, բորբոքման լավացումից հետո հազը և խորխի արտադրությունը կարող են պահպանվել մի քանի շաբաթ:
- Կողոսկրերի ցավ` երկար տևած հազի հետևանքով
- Խզզոց կամ սուլոցի ձայն շնչելիս
- Հարբուխ և քթի փակվածություն, որը սկսվում է կրծքավանդակի հատվածում սեղմվածության զգացումից մի քանի օր առաջ
- Թուլության կամ հոգնածության զգացողությու
- Ակտիվության նվազում
Սուր բրոնխիտի ծանրության աստիճանը
Սուր բրոնխիտը ժամանակավոր հիվանդություն է և սովորաբար չի առաջացնում մշտական շնչառական դժվարություններ:
Այնուամենայնիվ, թուլացած իմունային համակարգ կամ առողջության այլ լուրջ խնդիրներ ունեցող անձանց մոտ հնարավոր է զարգանան ծանր խնդիրներ, ինչպիսիք են թոքաբորբը կամ շնչառական անբավարարությունը:
Սուր բրոնխիտի արդյունքում լուրջ խնդիրներ ունենալու վտանգի տակ գտնվող մարդիկ են.
- Տարեցներ
- Փոքր երեխաներ
- Մարդիկ, որոնք ունեն այլ լուրջ առողջական հիվանդություններ, այդ թվում` քաղցկեղ կամ շաքարային դիաբետ
- Մարդիկ, որոնք չեն պատվաստվել գրիպի, թոքաբորբի և կապույտ հազի դեմ
Սուր բրոնխիտի ռիսկային գործոնները
Սուր բրոնխիտի ռիսկի գործոնները ներառում են`
- Սերտ շփում մեկի հետ, որի մոտ առկա է մրսածություն կամ սուր բրնխիտ
- Տարիքին համապատասխան պատվաստումները չստանալը
- Ծխախոտի ծխի, գոլորշիների, փոշու և աղտոտված օդի ազդեցությունը
Կանխարգելում
Սուր բրոնխիտով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար հետևյալ քայլերը կարող են օգնել`
-
Ձեռքերը պարբերաբար լվացեք վիրուսների և բակտերիաների ազդեցությունը նվազեցնելու համար
-
Պատվաստվեք գրիպի դեմ ամեն տարի
-
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ թոքաբորբի դեմ պատվաստում ստանալու վերաբերյալ, հատկապես, եթե 60 տարեկան եք կամ ավելի բարձր
-
Դադարեցրեք ծխելը
-
Դիմակ կրեք բերանի և քթի հատվածում, երբ օգտագործում եք թոքերի գրգռիչներ, ինչպիսիք են ներկը, ներկը մաքրող միջոցը կամ լաքը
Երբ այցելել բժշկի
Այցելեք բժշկի, եթե կարծում եք, որ ձեր կամ ձեր երեխայի մոտ առկա է սուր բրոնխիտ, և եթե ախտանիշները երկար են պահպանվում: