Ինչպե՞ս ամրապնդել իմունային համակարգը

Հիվանդանալուց հետո այլևս դժվար է պաշտպանվել վարակից…: Մենք թույլ ենք, քնկոտ, և մեր պատասխան ռեակցիաները նման են դանդաղեցված ընթացքով տեսաձայնագրության: …Իսկ վարակիչ հիվանդությունը նման է թշնամու, որը վրա է հասնում առանց նախազգուշացնելու: Այսպես, վարակվելու դեպքում ի՞նչ պետք է անենք հնարավորինս շուտ թշնամուն հաղթելու համար:

Ստորև ներկայացնում ենք որոշ փորձված խորհուրդներ, որոնք կարող են օգնել մեզ այս թշնամու դեմ պայքարում:

  • Վիտամիններն օգտակար են բոլոր դեպքերում, ուստիև` Ձեր սննդակարգում ներառեք վիտամիններ, ցանկալի է` թարմ մրգեր, ինչը կուժեղացնի Ձեր օրգանիզմը, քանի որ օրգանիզմի էներգիան կուղղվի ոչ թե դժվարամարս սննդի մարսմանը, այլ` վարակի հաղթահարմանը:
  • Հիվանդության ժամանակ մեր օրգանիզմը շատ արագ ջրազրկվում է, ուստիև` խմեք մեծ քանակությամբ հեղուկներ (հատկապես` միրգային թեյեր և հյութեր), որոնք կօգնեն վերականգել Ձեր օրգանիզմի ջրային պաշարը և հեռացնել խորխը: Շատ օգտակար է նարնջի թարմ հյութը, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C:
  • Վարակը հաղթահարելու գործում օգտակար է նաև թարմ օդը, բայց սենյակն օդափոխելուց առաջ անպայման դուրս եկեք այդտեղից:
  • Վարակիչ հիվանդության ժամանակ ուշադիր եղեք օդի ջերմաստիճանի տատանումներին, քանի որ վարակի ազդեցությամբ օրգանիզմն ավելի զգայուն է դառնում:
  • Եթե վատառողջ եք, փորձեք քնել:
  • Հետևեք դեղորայքի ընդունման առնչությամբ բժշկի խորհուրդներին:

Ինչպե՞ս խուսափել վարակիչ հիվանդություններից հետագայում

Վարակիչ հիվանդությունները ներխուժում են մեր առօրյա կյանք, դանդաղեցնում մեր շարժումները, և մեզնից շատերը, ցավոք, մեծ փորձ ունեն այս ոլորտում, քանի որ առնչվել են բազմաթիվ վարակների:

Այսպիսով, ինչպե՞ս նվազեցնել նման դեպքերը հետագայում:

Ձեզ ենք ներկայացնում մի շարք կանոններ, որոնք պետք է հիշել, և որոնց օգնությամբ կկարողանաք պահպանել Ձեր առողջությունն անգամ մեծ ռիսկի պայմաններում:

 

Իմունիտետը խիստ կարևոր է:

Կարելի է կոփել օրգանիզմը ամբողջ տարվա ընթացքում.

  • Մի խուսափեք արևի ճառագայթներից. արևը Ձեր «բարեկամն» է (բայց հիշեք, որ օրական արևի տակ բավարար է անցկացնել 15 րոպե):
  • Անընդհատ քայլեք: Քայլեք գարնանը, ամռանը, ձմռանը, ինչպես նաև աշնանը: Իմունիտետն ամրապնդելու նպատակով երկար զբոսանքների ընթացքում Ձեզ առավել արդյունավետորեն օգնում է թարմ օդը: Սակայն հիշեք, որ պետք է հագնվել տարվա եղանակին, օդի ջերմաստիճանին և եղանակային պայմաններին համապատասխան: Եվ մի մոռացեք ժամանակ առ ժամանակ օդափոխել Ձեր տունը:
  • Ձեր օրգանիզմը սիրում է սպիտակուցով հագեցած սննդակարգը, ինչպես նաև մրգեր և բանջարեղեն, ուստիև` պարգևեք նրան այդ հաճույքը:

Ինչպե՞ս ամրապնդել իմունիտետը …

Որտե՞ղ փնտրել արժեքավոր վիտամիններ, հանքանյութեր և իմունային համակարգն ամրապնդող այլ բաղադրիչներ:

 
Լիմոն և լայմ –  շատ մեծ քանակով վիտամիններ (հատկապես` վիտամին C) պարունակելու շնորհիվ դրանք հաճախ օգտագործվում են լնդախտի, մրսածության և տարբեր բորբոքային հիվանդությունների կանխարգելման համար:
 
Թուրինջը (գրեյպֆրուտ)– վիտամին C-ի հարուստ աղբյուր է, որն ամրացնում է մեր իմունային համակարգը և մեր օրգանիզմը պաշտպանում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցություններից:
 
Խնձորը – պարունակում է հակաօքսիդանտներ (այդ թվում` վիտամին C և ֆենոլների):
 
Նարինջ – մեկ նարինջն ապահովում է մարդու օրգանիզմի` վիտամին C-ի օրական պահանջի 116 %:
 
Հաղարջ – այս հատապտուղը հարուստ է վիտամին C-ով և կալիումով և միևնույն ժամանակ կալորիական չէ: Հաղարջը շատ օգտակար է մրսածությունը բուժելու, դեմքի մաշկի գույնը բարելավելու, նյութափոխանակությունը խթանելու և իմունային համակարգն ամրապնդելու համար:
 
Կիվին – հարուստ է վիտամին C-ով:
 
Ազնվամորին – պարունակում է երկու անգամ ավելի շատ վիտամին C, քան հապալասը, բավականին շատ վիտամին B2 և ավելի շատ մանգան և ցինկ, քան բոլոր մյուս հատապտուղները: Ազնվամորու օրգանական թթուները բարելավում են ախորժակը, իսկ ազնվամորի կազմում առկա բաղադրիչները բարձրացնում են օրգանիզմի իմունիտետը:
 
Մոշի հյութ, սառեցված մոշ – խտացրած վիտամին C:
 
Կաղամբ – Ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած կաղամբը վիտամին C-ի հարուստ աղբյուր է:
 
Կարմիր պղպեղը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, երկաթ, բետա-կարոտին, լիկոպեն (հակաօքսիդանտ):
 
Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին և վիտամին C:
 
Պրասասոխը պարունակում է վիտամին C, բետա-կարոտին, կալիում և ֆոսֆատ:
 
Մածուն և կաթնաթթվային մթերք պրոբիոտիկ բակտերիաները ավելի ուժեղ են դարձնում մեր օրգանիզմը:

 

  • Ծխախոտը, ալկոհոլը և սթրեսը մեր հակառակորդներն են, որոնց դեմ պետք է մշտապես պայքարել` դրանք հեշտությամբ հաղթահարելու համար:
  • Եթե ձեր ընկերը փռշտում է, հազում է կամ հիվանդ է անգինայով կամ գրիպով, հետաձգեք ձեր հանդիպումը մինչև նա ապաքինվի: Հանդիպելու փոխարեն կարելի է պարզապես … զրուցել հեռախոսով:  😉