Բժշկական տեղեկատվություն

Ներդիր թերթիկ` տեղեկություններ սպառողների/հիվանդների համար

Հազի լուծույթ Ֆլավամեդ® 15 մգ/5 մլ, լուծույթ

Ամբրոքսոլի հիդրոքլորիդ

Նախքան այս դեղն ընդունելը ուշադիր ընթերցեք ամբողջ ներդիր-թերթիկը, քանի որ այն պարունակում է Ձեզ համար կարևոր տեղեկություններ:

Սույն դեղամիջոցն անհրաժեշտ է միշտ ընդունել տվյալ ներդիր-թերթիկում շարադրված ցուցումներին կամ բուժող բժշկի կամ դեղատան աշխատակցի ցուցումներին խիստ համապատասխան։

– Պահպանեք ներդիր-թերթիկը։ Հնարավոր է անհրաժեշտություն առաջանա այն նորից ընթերցել։

– Եթե Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն կամ խորհուրդ, դիմեք դեղատան աշխատակցին։

– Որևէ կողմնակի ազդեցության առաջացման դեպքում դիմեք բժշկի կամ դեղատան աշխատակցի։ Դա վերաբերում է ցանկացած հնարավոր կողմնակի ազդեցության, այդ թվում նրանց, որոնք սույն ներդիր-թերթիկում նկարագրված չեն։ Տե՛ս բաժին 4։

– Եթե 4-5 օր հետո չեք ապաքինվում կամ հիվանդության ախտանիշները խորացել են, դիմեք բժշկի։

 

Սույն ներդիրթերթիկի բովանդակությունը՝

  • Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆլավամեդ® հազի լուծույթ դեղամիջոցը և ինչի՞ համար է այն օգտագործվում։
  • Ի՞նչ է պետք իմանալ Ֆլավամեդ® հազի լուծույթ դեղամիջոցն ընդունելուց առաջ։
  • Ինչպե՞ս կիրառել Ֆլավամեդ® հազի լուծույթ դեղամիջոցը։
  • Հնարավոր կողմնակի ազդեցություն։
  • Ինչպե՞ս պահպանել Ֆլավամեդ® հազի լուծույթ դեղամիջոցը։
  • Փաթեթի պարունակությունն ու այլ տեղեկատվություն։

 

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆլավամեդ® հազի լուծույթը, և ինչի՞ համար է այն ցուցված

Ամբրոքսոլի հիդրոքլորիդը ցուցված է թոքերի և բրոնխների հիվանդությունների հետ կապված պրոդուկտիվ (խորխով) հազի բուժման համար: Ֆլավամեդ® հազի լուծույթի ազդեցությամբ խորխն ավելի ջրիկ է դառնում և ավելի դյուրին է հեռացվում հազի միջոցով:

2. Ի՞նչ է պետք իմանալ Ֆլավամեդ® հազի լուծույթն ընդունելուց առաջ:

Ֆլավամեդ® հազի լուծույթը չեն կարող ընդունել.

– ամբրոքսոլ հիդրոքլորիդի կամ այս դեղորայքի որևէ այլ բաղադրիչի (6-րդ բաժնում թվարկված բաղադրիչներ) նկատմամբ ալերգիա ունեցող մարդիկ,

– 2 տարեկանից փոքր երեխաները:

Զգուշացումներ և նախազգուշական միջոցներ

Հետևյալ դեպքերում  Ֆլավամեդ® հազի լուծույթն ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ.

– եթե նախկինում երբևէ ունեցել եք մաշկի գերզգայունության արտահայտված ռեակցիաներ (Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ, Լայելի համախտանիշ),

  • Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշը հիվանդություն է, որն արտահայտվում է բարձր ջերմությամբ և մաշկի ու լորձաթաղանթի բշտիկավոր ցանով:
  • Կյանքի համար վտանգավոր Լայելի համախտանիշը հայտնի է նաև եռման ջրով խաշած մաշկի համախտանիշ անունով: Այս համախտանիշն արտահայտվում է մաշկի վրա խորը բշտիկներով, որոնք նման են այրվածքի հետքերի:

Արձանագրվել է ամբրոքսոլի հիդրոքլորիդի ընդունման հետևանքով մաշկի արտահայտված պատասխան ռեակցիայի մի քանի դեպք: Եթե Ձեզ մոտ առաջանում է ​​մաշկի ցան (այդ թվում` լորձաթաղանթների` օրինակ` բերանի, կոկորդի, քթի, աչքերի կամ սեռական օրգանների լորձաթաղանթի վնասվածքներ), դադարեցրեք Ֆլավամեդ® հազի լուծույթի ընդունումը և անմիջապես դիմեք բժշկի:

– Եթե ունեք երիկամների ֆունկցիաների խանգարում կամ լյարդի ծանր հիվանդություն, Ֆլավամեդ® հազի լուծույթն ընդունեք շատ զգուշությամբ (այսինքն` դեղաչափերի ընդունման ժամերի միջև ավելի երկար ընդմիջումներով կամ նվազեցված դեղաչափով. խորհրդակցեք բժշկի հետ): Երիկամների ֆունկցիաների արտահայտված խանգարումների դեպքում կարող է նկատվել   Ֆլավամեդ® հազի լուծույթի ակտիվ նյութի քայքայման նյութերի կուտակում:

– Եթե ունեք մեծ քանակությամբ խորխի արտադրությամբ ուղեկցվող բրոնխների հազվադեպ հիվանդություն (օրինակ` դանդաղաշարժ թարթիչների համախտանիշ (immotile cilia syndrome), խորխը չի կարող հեռացվել թոքերից: Նման դեպքերում Ֆլավամեդ® հազի լուծույթը կարելի է ընդունել միմիայն բժշկի հսկողությամբ:

– Եթե ունեք անհանդուրժողականություն հիստամինի հանդեպ, պետք է խուսափեք Ֆլավամեդ® հազի լուծույթով երկարատև բուժումից, քանի որ լուծույթի ակտիվ նյութն ազդում է հիստամինի նյութափոխանակության վրա և կարող է առաջացնել անհանդուրժողականության ախտանշաններ (օրինակ` գլխացավ, հարբուխ, քոր):

– Եթե երբևէ ունեցել եք ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն, Ֆլավամեդ® հազի լուծույթն ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ մուկոլիտիկ (խորխը նոսրացնող) դեղամիջոցները կարող են քայքայել ստամոքսի լորձաթաղանթի պաշտպանիչ շերտը: Ֆլավամեդ® հազի լուծույթն ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Երեխաներ

Տևական կամ կրկնվող հազ ունեցող 2-4 տարեկան երեխաներն այս դեղամիջոցը կարող են ընդունել միայն բժշկական ախտորոշումից հետո:

Ֆլավամեդ® հազի լուծույթի և այլ դեղամիջոցների փոխներգործությունը

Եթե վերջերս ընդունել եք, պատրաստվում եք մոտ ապագայում ընդունել կամ ներկայիս դրությամբ ընդունում եք որևէ այլ դեղորայք, հայտնեք այդ մասին Ձեր բժշկին կամ դեղագետին:

Հազը ճնշող դեղեր (հակահազային դեղամիջոցներ)

Ֆլավամեդ® հազի լուծույթն ընդունելու ընթացքում մի ընդունեք որևէ դեղամիջոց, որը ճնշում է հազի ռեֆլեքսը (հակահազային դեղամիջոցներ): Հազի ռեֆլեքսը մեծ դեր է կատարում նոսրացած խորխը հազի միջոցով հեռացնելու և այդպիսով թոքերը մաքրելու գործում:

Հղիություն, կրծքով կերակրում և հղիության պլանավորում

Եթե ​​հղի եք կամ կարծում եք, որ հղի եք, կամ պլանավորում եք հղիանալ կամ երեխային կերակրում եք կրծքով, այս դեղն ընդունեք միայն բժշկի կամ դեղագետի հետ խորհրդակցելուց հետո: Հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ Ֆլավամեդ® հազի լուծույթն ընդունեք միայն բժշկի հստակ ցուցումներով: Թեև կանանց մոտ հղիության և կրծքով կերակրման պարագայում համապատասխան փորձ չի արձանագրվել, սակայն կենդանիների շրջանում արձանագրվել է, որ Ֆլավամեդ® հազի լուծույթի ակտիվ նյութը ներթափանցում է կրծքի կաթ:

Դեղի ազդեցությունը մեքենա վարելու և մեխանիկական սարքեր աշխատացնելու ունակության վրա

Ֆլավամեդ® հազի լուծույթը որևէ ազդեցություն չի գործում կամ կարող է աննշան ազդեցություն գործել մեքենա վարելու և մեխանիկական սարքեր աշխատացնելու ունակության վրա:

Ֆլավամեդ® հազի լուծույթը պարունակում է սորբիտոլ

Եթե Ձեզ մոտ հաստատվել է շաքարի որևէ տեսակների անտանելիություն, տվյալ դեղամիջոցն ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

5 մլ լուծույթի պարունակությամբ չափիչ գդալը պարունակում է 1,75 գ (=0,15 հացի միավոր) սորբիտոլ: Էներգետիկ արժեքը կազմում է 2,6 կկալ/գ սորբիտոլ: Սորբիտոլը կարող է ունենալ մեղմ լուծողական ազդեցություն:

3.Ինչպե՞ս ընդունել Ֆլավամեդ® հազի լուծույթը

Այս դեղամիջոցը հարկավոր է ընդունել այս ներդիր-թերթիկում ներկայացված կարգի կամ բժշկի կամ դեղագետի ցուցումների խստիվ պահպանմամբ: Հարցերի դեպքում դիմեք բժշկի կամ դեղագետի: Եթե Ֆլավամեդ® հազի լուծույթի ընդունման վերաբերյալ բժշկից այլ ցուցումներ չեք ստացել, հետևեք այս ցուցումներին: Անհրաժեշտ է կատարել կիրառման ցուցումները, քանի որ հակառակ դեպքում Ֆլավամեդ® հազի լուծույթը պատշաճ արդյունք չի ապահովի:

Խորհուրդ է տրվում դեղորայքն ընդունել հետևյալ դեղաչափերով.

2-5 տարեկան երեխաներ.

1/2 չափիչ գդալ` Ֆլավամեդ® հազի լուծույթի 2,5 մլ պարունակությամբ` օրական 3 անգամ (համապատասխանում է օրական կտրվածքով ամբրոքսոլի հիդրոքլորիդի 22,5 մգ-ին):

6-12 տարեկան երեխաներ.

1 չափիչ գդալ` Ֆլավամեդ® հազի լուծույթի 5 մլ պարունակությամբ` օրական 2-3 անգամ (համապատասխանում է օրական կտրվածքով ամբրոքսոլի հիդրոքլորիդի 30-45 մգ-ին):

12 տարեկանից բարձր տարիքի դեռահասներ և մեծահասակներ.

2 չափիչ գդալ ՝ Ֆլավամեդ® հազի լուծույթի 5 մլ պարունակությամբ` օրական 3 անգամ (համապատասխանում է օրական կտրվածքով ամբրոքսոլի հիդրոքլորիդի 90 մգ-ին) առաջին 2-3 օրվա ընթացքում, իսկ այնուհետև` 2 չափիչ գդալ` Ֆլավամեդ® հազի լուծույթի 5 մլ պարունակությամբ` օրական 2 անգամ (համապատասխանում է օրական կտրվածքով ամբրոքսոլի հիդրոքլորիդի 60 մգ-ին):

Նշում.

մեծահասակների դեղաչափը կարելի է ավելացվել մինչև ամբրոքսոլի հիդրոքլորիդի 60 մգ օրական 2 անգամ (համապատասխանում է օրական կտրվածքով ամբրոքսոլի հիդրոքլորիդի 120 մգ-ին):

Դեղամիջոցի նշանակումը երեխաներին

Ֆլավամեդ® հազի լուծույթը չի կարելի կիրառել երկու տարեկանից փոքր երեխաներին:

Ընդունման եղանակը

Դեղն ընդունվում է ներքին (պերօրալ) ճանապարհով: Ընդունեք Ֆլավամեդ® հազի լուծույթը ուտելուց հետո` կցված չափիչ գդալի օգնությամբ:

Ընդունման տևողությունը

Առանց բժշկի ցուցումների Ֆլավամեդ® հազի լուծույթը կարելի է ընդունել առավելագույնը 4-5 օր:

Եթե ​​դեղն ընդունելու պահից 4-5 օրվա ընթացքում ախտանիշները չեն անցել կամ ընդհակառակը` բարդացել են, անմիջապես դիմեք բժշկի: Եթե զգում եք, որ Ֆլավամեդ® հազի լուծույթի ազդեցությունը չափազանց ուժեղ է կամ թույլ, խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ:

Ֆլավամեդ® հազի լուծույթի դեղաբաժինը գերազանցելու դեպքում

Նման դեպքերում ծանր թունավորման որևէ նշան ներկայիս դրությամբ չի արձանագրվել: Նման դեպքերում կարող է առաջանալ ժամանակավոր անհանգստության զգացում և փորլուծություն: Դեղաբաժինը չափից շատ գերազանցելու դեպքում կարող է նկատվել առատ թքարտադրություն, սրտխառնոց, փսխում և արյան շրջանառության խանգարումներով ուղեկցվող արյան ճնշման անկում: Նման դեպքերում դիմեք բժշկի: Որպես կանոն, անհապաղ միջոցներ, օրինակ` փսխման առաջացում և զոնդի միջոցով ստամոքսի լվացում ձեռնարկելու կարիք չկա. նման միջոցներ կարելի է ձեռնարկել միայն դեղաբաժինը խիստ մեծ չափով գերազանցելու դեպքում: Խորհուրդ է տրվում կատարել բուժում` դեղաբաժնի գերազանցման մասին վկայող նշաններին համապատասխան:

Եթե մոռացել եք նշանակված ժամին ընդունել Ֆլավամեդ® հազի լուծույթի դեղաբաժինը

կամ ընդունել եք չափազանց փոքր դեղաբաժին, պարզապես ընդունեք դեղը սահմանված դեղաբաժնով հաջորդ սահմանված ժամին: Մի′ ընդունեք կրկնակի դեղաբաժին` չընդունված դեղաբաժինը լրացնելու համար:

Դեղի օգտագործման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում  դիմեք բժշկի կամ դեղագետի:

4. Հնարավոր կողմնակի ազդեցություն

Բոլոր դեղերի նման այս դեղը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություն, թեպետև ոչ բոլորի մոտ:

Անցանկալի հետևանքներ

Ոչ հաճախակի (կարող է նկատվել հարյուրից մեկի մոտ).

– սրտխառնոց

– փսխում

– բերանի չորություն

– ցավ որովայնի շրջանում

– բարձ ջերմություն

Հազվադեպ (կարող է նկատվել հազարից մեկի մոտ).

– մաշկի գերզգայունության ռեակցիաներ

– ցան

– եղնջատենդ (urticaria)

Անհայտ հաճախականությամբ (առկա տվյալների հիման վրա անհնար է որոշել հաճախականությունը).

– անաֆիլակտիկ ռեակցիաներ, այդ թվում` անաֆիլակտիկ շոկ, անգիոնևրոտիկ այտուց (մաշկային, ենթամաշկային, լորձային կամ ենթալորձային հյուսվածքների արագ զարգացող այտուցվածություն) և քոր,

– ծանր բացասական մաշկային ռեակցիաներ (ներառյալ` բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ/ վերնամաշկային թունավոր նեկրոլիզ և սուր ընդհանրացված (գեներալիզացված) էքզանթեմատոզ պուստուլոզ)

Հակամիջոցներ

Վերը նշված կողմնակի ազդեցություններից որևէ մեկի դրսևորման դեպքում անմիջապես դադարեցրեք Ֆլավամեդ® հազի լուծույթի ընդունումը: Վերը թվարկված կողմնակի ազդեցություններից որևէ մեկի կամ այս թերթիկում չնշված որևէ հնարավոր կողմնակի ազդեցության դրսևորման դեպքում այդ մասին հայտնեք բժշկին կամ դեղագետին:

Կողմնակի ազդեցությունների մասին հաղորդելը

Եթե նկատեք որևէ կողմնակի ազդեցություն, խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ: Կողմնակի ազդեցություն ասելով` հասկանում ենք նաև այս թերթիկում չթվարկված հնարավոր այլ կողմնակի ազդեցությունները: Կողմնակի ազդեցությունների դրսևորման մասին կարող եք հաղորդել նաև անմիջապես  “Ակադեմիկոս Է․Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն” ՓԲԸ գործակալության ինտերնետային կայք` www.pharm.am , “ԴԵՂԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ” էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելու միջոցով : Կողմնակի ազդեցությունների մասին տեղեկություններ ուղարկելով` կարող եք նպաստել այս դեղորայքի անվտանգ ընդունման վերաբերյալ ավելի շատ տեղեկությունների տրամադրմանը:

5. Ի՞նչ պայմաններում պահել Ֆլավամեդ® հազի լուծույթը

Այս դեղամիջոցըը պահեք երեխաներից հեռու:

Մի′ ընդունեք այս դեղամիջոցը պահպանման ժամկետի ավարտից հետո, որը նշված է պիտակի և ծալովի տուփի վրա` «EXP» («Պիտանի է մինչև») բառերից հետո: Պահպանման ժամկետի ավարտի ամսաթվով նկատի է առնվում տվյալ ամսվա վերջին օրը:

Այս դեղի պահպանման համար հատուկ պայմաններ չեն պահանջվում:

Պիտանիության ժամկետը սրվակի բացումից հետո.

Սրվակը բացելուց 6 ամիս անց դեն նետեք այն` մնացած լուծույթի հետ միասին: Մի′ թափեք դեղորայքը կեղտաջրերի կամ կենցաղային թափոնների մեջ: Այլևս չօգտագործվող դեղորայքը թափելու հարցով խորհրդակցեք տեղական դեղագետի հետ: Նման կերպ վարվելով` կնպաստեք շրջակա միջավայրի պաշտպանությանը:

6. Տուփի պարունակությունը և այլ տեղեկություններ

Ֆլավամեդ® հազի լուծույթի բաղադրությունը

Դեղորայքի ակտիվ նյութը ամբրոքսոլի հիդրոքլորիդն է: 1 մլ լուծույթը պարունակում է 3 մգ ամբրոքսոլի հիդրոքլորիդ:

5 մլ լուծույթով մեկ չափիչ գդալը պարունակում է 15 մգ ամբրոքսոլի հիդրոքլորիդ:

Մյուս բաղադրիչներն են`

սորբիտոլ` 70 % (չբյուրեղացվող), բենզոիկ թթու, գլիցերին (85 %), հիդրօքսիէթիլցելյուլոզա, ազնվամորու համով խտանյութ, դեիոնիզացված ջուր:

Ֆլավամեդ® հազի  լուծույթի տեսքի նկարագիրը և տուփի պարունակությունը

Մաքուր, անգույնից փոքր-ինչ շագանակագույն հեղուկ` ազնվամորու մրգային հոտով:  Սաթի ապակուց սրվակ (III կարգի ապակի)` պիտակով և պարուրակավոր կափարիչով: Տուփում կա գդալ դեղաբաժինը ճիշտ չափելու համար: Ֆլավամեդ® հազի լուծույթն արտադրվում է 60 մլ կամ 100 մլ լուծույթի սրվակներով:

 

Իրացման թույլտվության սեփականատերը և արտադրողը

Իրացման թույլտվության սեփականատեր

«Բեռլին-Խեմի» ԲԸ (ՄԵՆԱՐԻՆԻ ԳՐՈՒՊ)

Գերմանիա, Բեռլին 12489,

Գլինիքեր Վեգ փող. 125

Արտադրող

«Բեռլին-Խեմի» ԲԸ (ՄԵՆԱՐԻՆԻ ԳՐՈՒՊ)

Գերմանիա, Բեռլին 12489,

Գլինիքեր Վեգ փող. 125

Այս թերթիկը վերջին անգամ թարմացվել է 05/2016թ.:

Այս դեղորայքի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են Հայաստանում գրանցված Դեղամիջոցների Դեղգործակալության ինտերնետային կայքում`  www.pharm.am :